Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Լուրեր

Լուրեր
17.10.2008 | 00:00

Թե կարող ես, ընտրիր
«ՈՒնենալով բարեկամական հին կապեր, հակասությունների և հակադրությունների մեծ շրջանակ` Հայաստանն ու Վրաստանը չկարողացան դրանք օգտագործել ներկա խնդիրները լուծելու համար»,- երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարել է ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին: Իսկ վրաց-օսական հակամարտությունը, ըստ Սաֆարյանի, հստակություն մտցրեց երկու երկրների հասարակական ընկալումների մեջ. «Հայաստանը հասկացավ, որ իր համար Վրաստանը կարևոր է, իսկ Վրաստանն էլ նկատեց իր տարածաշրջանային քաղաքականության բացթողումները»: Ավելին, պատգամավորը կարծում է, որ «այսօր Ռուսաստանը Հայաստանին անխոհեմ երկընտրանքի առջև է կանգնեցրել` առաջարկելով ընտրել իրեն կամ Վրաստանին»:

Հույսը հայ ժողովուրդն է
«Ես Հայաստանում ապրել եմ, ապրում եմ և ապրելու եմ ավելի երկար, քան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Ես անկախ Լեռնային Ղարաբաղում էլ ապրել եմ ավելի երկար, քան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»,- Lragir.am-ի փոխանցմամբ այսպես է ասել Ֆրանսիայի քաղաքացի, հայազգի Սարգիս Հացպանյանը, որին իշխանություններն օրերս ցանկանում էին արտաքսել Հայաստանից, քանի որ նա մասնակցել էր համաժողովրդական շարժման հանրահավաքներին: Մարտի 1-ից հետո ընդհատակում գտնվող Հացպանյանը հանգամանորեն պատմել է, թե ինչպես է իր կյանքը դասավորվել, երբ 1990 թվականից Ֆրանսիայից տեղափոխվել է Հայաստան՝ փաստելով, որ հայրենիքում ազատ խոսքի հետ կապված որևէ խնդիր ինքը չի ունեցել։ Նա նաև տեղեկացրել է լրագրողներին, որ փետրվարի 29-ի գիշերը Ազատության հրապարակում իրեն այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հյուպատոսը, որը պատրաստակամություն է հայտնել հրապարակից տանել իր երկրի քաղաքացուն, սակայն ինքը հրաժարվել է, ասելով. «Ես հույսս կապում եմ ոչ թե ձեր, այլ հայ ժողովրդի հետ»:

Ոստիկաննե՛ր, հրահանգ չկատարեք
Ընդդիմության այսօրվա հանրահավաքում նախատեսվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նոր բացահայտումներ կանի ղարաբաղյան հակամարտության առնչությամբ, իսկ մինչ այդ երեկ նրա մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը, հանդիպելով լրագրողների հետ, ասել է, որ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծվել է «ծայրաստիճան վտանգավոր և աննախադեպ» իրավիճակ: «Ղարաբաղի հակամարտության մասին խոսում են բոլորը, բացի Հայաստանի ղեկավարությունից: Երևանում քար լռություն է»,- շեշտել է Մուսինյանը, միաժամանակ հավելելով, որ «իշխանությունը գործընթացը վերահսկողությունից դուրս է թողել»: Անդրադառնալով օրերս հանրահավաքի իրազեկմանը խոչընդոտող ոստիկանների գործողություններին` խոսնակը դրանք որակել է որպես «մանր խուլիգանություն»: Նա կրկին կոչով դիմել է ոստիկաններին` «զերծ մնալ նման անպատվաբեր միջոցառումներից, չկատարել քաղաքական հրահանգներ, խոհեմ կեցվածք դրսևորել»:

Non գաղտնիք
Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, զրկվելով պաշտոնից ու ինքնակամ հրաժարվելով հարազատ կուսակցության անդամատոմսից, պատրաստվում է նոր կուսակցություն կամ դրա նման մի բան հիմնել: Շրջանառվող լուրերը պարզաբանելու նպատակով դիմեցինք ԱԺ նախկին ղեկավար, ներկայումս անկուսակցական, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանին: «Բոլոր անհեթեթությունները ես պետք է մեկնաբանե՞մ»,- հարցին հարցով պատասխանեց Թորոսյանը, իսկ երբ հետաքրքրվեցինք՝ այսինքն, չունե՞ք նման մտադրություն, ասաց. «Նման բան չկա: Եթե որևէ բան ստեղծելու ցանկություն ունենամ, կհայտարարեմ: Որևէ գաղտնի բան չի լինելու»:
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Անհասկանալի «ռակիրովկա»
Ըստ հավաստի աղբյուրների, ամենամոտ ժամանակներս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կադրային կազմում սպասվում է փոխատեղում։ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, որ Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատից է, նշանակվելու է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար։ Իսկ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը պաշտոնի իջեցում կարձանագրի՝ նշանակվելով Կոտայքի մարզպետ։ Ո՞վ է լինելու ապագա քաղաքաշինության նախարարը, առայժմ պարզ չէ, թեպետ մեր աղբյուրը չի բացառում, որ ԲՀԿ-ն առհասարակ կհրաժարվի այդ նախարարական պորտֆելից կամ կփորձի այն փոխանակել ՕԵԿ-ի կամ ՀՅԴ-ի հետ մեկ այլ պորտֆելով։ Այս քաղաքականությունը, ըստ մեր աղբյուրի, պայմանավորված է քաղաքաշինության նախարարությունում վերահսկիչ պալատի իրականացրած վերջին ստուգումներով և Գագիկ Ծառուկյանի համար տհաճ բացահայտումներով։
Անի ՄԱՐՏՈՅԱՆ

ՀՅԴ-ի շարքերը դժգոհ են
Դաշնակցությանը մոտ կանգնած շրջանակների տեղեկատվության համաձայն՝ կուսակցության շարքերը խիստ դժգոհ են ՀՅԴ բյուրոյի և Գերագույն մարմնի այսօրվա կեցվածքից՝ ղարաբաղյան զարգացումների հետ կապված։ Ավելի շուտ ոչ թե կեցվածքից, այլ դրա բացակայությունից, և առանձին շարքայիններ չեն երկնչել իրենց բացահայտ դժգոհությունը հայտնել կուսակցության ղեկավարությանը։ Մասնավորապես, այն առումով, որ դաշնակցությունն իշխանության երկիմաստ հայտարարությունների պայմաններում խուսափում է հստակ դիրքորոշում արտահայտելուց և Ղարաբաղի հարցը ազգային-արմատական կուսակցությանը վայել քաղաքականությամբ պաշտպանելուց, ինչն անում էր 1990-ականներին։ Ըստ լուրերի, որոշ շարքային կուսակցականներ նույնիսկ պահանջում են հատուկ կուսակցական կոնֆերանս հրավիրել՝ ՀՅԴ ղեկավարության այսօրվա քաղաքականությունը քննարկելու նպատակով։
Գրիգոր ՍԱՀԱԿՅԱՆ

Հայաստանում ապահովագրական մշակույթը զրոյական է
ԱՊՀ երկրներ մուտք գործելու ռազմավարության շրջանակներում երեկ «Բելաջիո» համալիրում տեղի ունեցավ ռուսական խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկի՝ «Ռոսգոսստրախի» ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովի, փոխնախագահ, ՌԴ OPT հեռուստաընկերության «Վրեմյա» ամենօրյա տեղեկատվական ծրագրի նախկին հաղորդավար Անդրեյ Բատուրինի և հայաստանյան մասնաճյուղի` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանի մամլո ասուլիսը: 2008թ. մայիսի 20-ին ընկերությանը տրվել է «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու լիցենզիա: Ընկերության կանոնադրական կապիտալը 612,5 մլն դրամ է (ավելի քան 2 մլն դոլար): Ինչպես նշեց ընկերությունների խմբի նախագահ, ռուսաստանցի հայ միլիարդատեր Դանիլ Խաչատուրովը, թեև Հայաստանում ապահովագրական մշակույթը զրոյական է, սակայն ինչքան շուտ իրենք մտնեն հայաստանյան շուկա, այնքան ավելի լավ կլինի, քանի որ այսօր Ռուսաստանում ապահովագրական շուկայի մեկ տոկոսը զբաղեցնելու համար անհրաժեշտ է հարյուրավոր միլիոն դոլարների ներդրում, իսկ Հայաստանում շուկան զբաղեցնելն ավելի հեշտ է, և նրանք կձգտեն 5-7 տարուց այն մեծացնել ու գրավել շուկայի մեծ մասը: Համենայն դեպս, ռուսաստանյան շուկայում ընկերության հաճախորդներն են 200000 իրավաբանական և 40 մլն ֆիզիկական անձինք:
Ատոմ ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. -Մանրամասները՝ «Իրավունքը de facto»-ի հոկտեմբերի 21-ի համարում։

Ե՛վ գինը, և՛ քաշը
Երբ մեր քաղաքացիներն ու լրագրողներն ամեն օր խոսում ու գրում էին այն մասին, որ, հացամթերքի և կոնկրետ հացի թանկացումից բացի, շուկայում նաև մեկ այլ այլանդակություն է տեղի ունենում, կառավարությունը բանի տեղ չէր դնում: Իսկ խոսքն այն մասին էր, որ հացի գների բարձրացումից բացի, այս ոլորտում զբաղվածները խմորիչի պահանջվածից ավելի չափաքանակի և էլի Աստված գիտի` ինչի միջոցով, ուռեցնում են հացը և «լավացնում» դրա ապրանքային տեսքը:
Եվ ահա, վերջապես, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որոշել է ուշադրություն դարձնել այս խնդրին և դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի նրանից արտոնություն ստանա նաև հացի քաշը հսկելու համար:
Փաստորեն, թույլտվությունն արդեն տրված է, և հանձնաժողովը մոնիտորինգի կենթարկի ոչ միայն գները, այլև քաշը: Հանգամանք, որն ի պաշտոնե պարտավոր էին անել տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես հավաստել է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, բայց ինչը նրանք ակնհայտորեն չեն արել` հավանաբար «էշի ականջում քնած լինելու» պատճառով…
Գ. Ս.

Հայաստանն ութերորդն է
ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` արդյունաբերական աճի տեմպերով Հայաստանը ԱՊՀ երկրների թվում 8-րդն է, քանի որ 2008-ի հունվար - օգոստոս ամիսներին արդյունաբերության աճը կազմել է 2,2%: Առաջատարները, ի դեպ, Բելառուսն ու Ադրբեջանն են` 13,1 և 9,6 % արդյունաբերական աճով, 3-րդ տեղում ՈՒկրաինան է` 6,3%, 4-րդը Ղրղզստանն է` 6,1 % աճով, 5-րդը` Ռուսաստանը (5,3 %), նրան հետևում են Ղազախստանը, Մոլդովան և, ինչպես արդեն նշվեց, Հայաստանը: Տվյալներ չեն բերվում Վրաստանի մասին, քանի որ այդ երկիրը հայտարարել է ԱՊՀ-ից դուրս գալու մասին, իսկ թե ինչու են «ցանկից դուրս մնացել» ՈՒզբեկստանն ու Թուրքմենստանը, չի մանրամասնվում:
Նշվում է նաև, որ, ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ԱՊՀ-ում արդյունաբերությունն աճել է շուրջ 6%-ով:
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3294

Մեկնաբանություններ